Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով: Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի: Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Մաունա Լուան Հավայան կղզիներում, Էտնան Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում , բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ: